Last update on .

Ողջոյն, քանի որ սա մեր երբեւէ առաջին ամփոփագիրն է, որոշեցի նախ մի փոքր մեզ ներկայացնել։ մանրամասերը՝ ներքեւում ;)

Ողջոյն, ես Վարդանեան Անդրանիկն եմ, աշխատում եմ որպէս տեղեկատուական անվտանգութեան հետազօտող Հայաստանի ազգային համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբում (նոյն ինքը՝ CERT-AM)։ Այստեղ մենք զբաղուում ենք ոչ միայն արտակարգ իրավիճակներին արձագանքելով, այլ նաեւ վերլուծութեամբ, տուեալների մշակմամբ։ Եթէ նկատեցիք իմ տարօրինակ գրելաոճը, ապա նշեմ, որ Սիրիահայ եմ, եւ գրում եմ Հայերէնի դասական ուղղագրութեամբ։

Երկար ժամանակ է ինչ փորձում ենք համագործակցել պետական եւ սեփական ընկերութիւնների հետ, սակայն վերջերս որոշեցի որ մեր գլխաւոր ուղղութիւնը լինի աւելի շատ դէպի մեր քաղաքացիներին, մեր հանրութեանը։

Վերջին շրջանում, երբ զբաղուում էի տուեալների հաւաքոյթով եւ դրանց վերլուծութեամբ, նկատեցի, որ մի քանի տեսակի վնասակար ծրագրեր շատ շուտ են տարածւում Հայաստանում։ Այսօր փորձելու եմ խօսել դրանցից մի քանիսի մասին։

Վիճակագրութեան տեսք ունենալու համար, տեղեկացնեմ, որ միայն այս շաբաթում եղել է 300,376 իւրայատուկ դէպք, շատ տարբեր իրարից. որոնք հին մնացած ծածկագրեր են, որոնք վնասակար ծրագրեր, որոնք սխալ կարգաւորուած սպասարկիչներ (սերւերներ), բոլորի մասին ժամանակ առ ժամանակ կը փորձեմ գրել։

Կրկին վերադառնալով մեր թեմային, ասեմ, որ ոչ շատ բարդ միջոցներով կարողացել ենք գտնել մօտ 16006 սարք, որոնք վարակուած են եղել ոմն վնասակար ծրագրերով, որոնք թոյլ են տալիս ղեկավարուել այլ անձանց կողմից, օգտագործելով ձեր կարգիչները իրենց սեփական նպատակների համար, օր.՝ մասսայական սպամ ուղարկելու, վիրուս տարածելու, անձնական տուեալներ գողանալու (ասենք սոցիալական կայքերի, առցանց բանկերի, եւ այլն), եւ ամենայայտնին՝ ԴԴօՍ յարձակումներ անելու։

Միայն այս շաբաթ գտնուել է մօտ 37 տեսակի բոտնետային վնասակար ծրագիր, որոնցից ամենայայտնին է եղել Dorkbot-ը, 8166 վարակուածութիւն, եւ Sality-ն՝ 1979։
Ցանցերի տեսանկիւնից. Բոտնետներով ամենատարածուած ցանց է եղել ԱրմենՏելը, նոյն ինքը Բիլայնը, 5078 վարակուածութիւն, Ucom-ը՝ 4163 եւ Ղ-Տելեկոմը՝ 3319։

Անվտանգութիւնից ելնելով որոշեցինք մեր լաբորատորիայում փորձել ինքներս մեզ վարակել դորքբոտ-ով եւ սալիտի-ով, ապա փորձել ազատուել իրենցից։

Վարակուելը փաստօրէն շատ պարզ էր եւ թափանցիկ, մանաւանդ դորքբոտի դէպքում։

Ազատման համար շատ բան պէտք չէր, նկատի առնելով, որ այս վիրուսները աշխատում են Մայքրոսոֆտ Վինդոուզ համակարգում, որոշեցինք հենց Մայքրոսոֆտի անվտանգութեան ծրագրերն էլ օգտագործել՝ Microsoft Security Essentials եւ Windows Defender։ Պէտք է ասել, որ տեղակայելուց անմիջապէս յետոյ, սոյն նշուած հակավիրուսային ծրագրերը գտան մեր տեղադրած վնասակար ծրագրերը եւ ջնջեցին այն։

Խորհուրդ ենք տալիս բոլորին օգտագործել վերեւում նշուած հակավիրուսային ծրագրերից մէկը, կամ ձեր նախընտրածը։

Սիրելի հանրութիւն, մեր նպատակն է, որ դուք լինէք ապահով, իսկ խնդրանքը՝ անէք ամէն բան ձեր անվտանգութեան համար, չէ՞ որ այսօր տեխնոլոգիաները մտել են մեր կեանք, եւ ինչպէս չէինք ուզի որ մեր նկարները կորեն, այդպէս էլ չենք ուզի որ վնասակար ծրագրերը մեզանից խլեն մեր աշխատանքային ֆայլերը եւ ընտանեկան նկարները։

Մեզ համար շատ կարեւոր է ձեր կարծիքը, ունէք հարցե՞ր, մանրամասեր է՞ք ցանկանում, ունէք բողոքներ կամ առաջարկնե՞ր, մի՛ քաշուէք, մենք պատրաստ ենք ձեզ լսելու, ուղղակի գրէք է.մեյլ այս հասցէին։

Շնորհակալութիւն մեր առաջին գրառումը կարդալու համար,
Ձեր խոնարհ ծառան, Անդրանիկ Վարդանեան ։)

Pingbacks

Pingbacks are open.

Trackbacks

Trackback URL

Comments

Comments are closed.